«Իրատեսի» հյուրն է թատերագետ-արվեստաբան ԷՄԱՆՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
-Հանրային ռադիոն մեր մշակութային գանձարանի երեք կարևորագույն գագաթներից մեկն է` Մատենադարանի և Ազգային պատկերասրահի հետ։ Մեր ժամանակների ռադիոհաղորդումների գագաթը Ձեր և մշակութային հաղորդումների բազմափորձ ղեկավար Օֆելյա Ասատրյանի հեղինակած «Ռադիոբեմի լույսերը» թատերական ռադիոհրավառությունն է։ Ո՞Ւմ պետք է շնորհակալ լինենք այս հաղորդման հղացման համար, ինչպե՞ս ծնվեց այն։
-Նախաձեռնությունը բացառապես ՀՌ ղեկավար Արմեն Ամիրյանինն է։ Ինչո՞ւ է ծագել այդ հաղորդաշարի գաղափարը։ Բանն այն է, որ ժամանակին մեր ռադիոն ուներ ռադիոթատրոն, որի ֆոնդը խնամքով հավաքվել, պահվել է ռադիոյի ձայնադարանում, որը ես համարում եմ հնչող Մատենադարան. տարիների ընթացքում մեր մեծերի, մեր բեմի վարպետների կատարումները հավաքվել և պահվել են ճիշտ այնպես, ինչպես Մատենադարանում են պահվում մեր մատենագիրների մանրանկարները, ձեռագրերը, մատյանները։ Իսկ ինչու ի՞նձ վստահվեց հաղորդաշարը։ Երևի հիշել են Հեռուստառադիոկոմիտեում իմ աշխատանքը, նաև իմ երկրորդ մասնագիտությունը ¥Մոսկվայում եմ թատերագիտական, արվեստաբանական կրթություն ստացել¤։ Առաջարկը ես հաճույքով ընդունեցի` ոչ այնքան պատկերացնելով, որ դժվարության եմ հանդիպելու. հարկավոր էր ամեն հաղորդում նվիրել կոնկրետ մեկ բեմի վարպետի, և ժամեր, օրեր էին պահանջում ֆոնդում եղած ձայնագրությունների ուսումնասիրումը, ընտրությունը։ Հարկավոր էր ծանոթանալ նաև դերասանի մասին եղած թատերախոսություններին։ Արդեն ձայնագրել ենք մոտ չորս տասնյակ հաղորդում։ Ի դեպ, հերթականության խնդիր դրված չի եղել. մենք անդրադարձել ենք և՛ միջին տարիքի, և՛ կյանքից հեռացած դերասաններին։
-Այս տարին հոբելյանական է Ձեզ համար, Ձեր կենսախնդության, բազմազբաղության և էներգիայի համար անհավատալի հասակ` 80-ամյակ։ Կարո՞ղ ենք համարել, որ աննախանձ հոգին, անչար հումորը, մեծահոգի բարությունը երկարակեցության և երիտասարդ մնալու հիմնական, կարևոր բաղադրիչներն են։
-Ճիշտն ասած, ես երբեք չեմ անդրադարձել այդ հարցին։ Վարել եմ չափավոր, ողջախոհ կյանք, զբաղվել եմ մի գործով, որն ինձ միայն հաճույք է պատճառել։ Արդեն գրեթե երեք տասնամյակ է` դասավանդում եմ երկու մասնավոր բուհում` «Բաց համալսարան» և «Գլաձոր», և նրանք իմ մեջ պահել են երիտասարդական ավյունը, հումորը, ռոմանտիկան։ Հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի։
-Տարիները ոմանց «կողոպտում» են, ոմանց էլ իմաստնացնում, կյանքը կրկնակի, եռակի իմաստավորում, հարստացնում մարդկանցով, հուշերով, դեպքերով։ Ձեր կորուստներն ու գտած-ամբարածը։
-Կորուստներս, ցավոք, անդառնալի են. ծնողներս, մորաքույրս։ Ոչ պակաս ցավ է ինձ համար երկար ճանապարհի իմ լավ ընկերների` Արծվի Գրիգորյանի, Ժան Տեր-Մերկերյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Սոս Սարգսյանի, Լևոն Ներսիսյանի, Գոհար Գասպարյանի, Տիգրան Լևոնյանի բացակայությունը, որոնց հետ գրեթե ամեն օր շարունակվում է իմ հեռակա զրույցը։ Ձեռքբերում-ամբարումներ էին արվեստագետների այդ մեծ խմբի հետ զրույցները, երբ մի գիրք էինք կարդում և քննարկում կամ մի ֆիլմ դիտելուց հետո շրջում էինք փողոցներով և վերլուծում ֆիլմի սյուժեն, դերասանների խաղը։ Այս ամենը աննկատ դասեր էին։ Ես միշտ ասում եմ` Չարենցի փողոցի 42 շենքի պատին մի ցուցանակ պիտի տեղադրվի և վրան գրվի, որ այս շենքի մեկսենյականոց այն բնակարանում, ուր ապրում էին գրող, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանը և դերասանուհի Վալյա Արաքսմանյան-Մանուկյանը, ամենօրյա այցելու են եղել Մինասը, Լևոն Ներսիսյանը, Սոս Սարգսյանը, Թամար Դեմուրյանը, Հայկուհի Գարագաշը, Բաբկեն Ներսիսյանը, ո՞ր մեկին թվեմ` այն ժամանակների հայտնի գրեթե բոլոր գրողները, նկարիչները, երաժիշտները, դերասանները։ Այդ այցերը, զրույցները յուրատեսակ ամբարումներ էին, նրանք ինձ սնում էին, կրկնում եմ, աննկատ դասեր էին, բայց ձևավորում էին Էմանվել Մանուկյանին և՛ որպես մարդու, և՛ որպես արվեստաբանի։
-Մի փոքր էլ «պեղենք» մարդկային հոգին ընդհանրապես, Ձերը` մասնավորապես. ի՞նչն է Ձեզ համար անտանելի մարդու խառնվածքում, և ո՞րն է հարգանք առաջացնող կարևոր գիծը։
-Հարգանք առաջացնող կարևոր գծերից մեկը համեստությունն է, անտանելին` դրա հակառակը` անհամեստությունը։ Ես միշտ փորձում եմ հեռու մնալ նրանցից, որոնց մեծամտությունը, անկեղծության բացակայությունը կարող են վնասել, խաթարել մարդկային ցանկացած փոխհարաբերություն։ Նաև, անկեղծ ասեմ, ես սարսափում եմ նրանցից, ովքեր անկեղծ չեն ժպտում, որոնց ժպիտի տակ դիմակներ կան։ Նմանների ժպիտը ոչ թե ժպիտ է, այլ թիկունքում պահված դաշույն։
-Կյանքում, մարդկային փոխհարաբերություններում ո՞րն է Ձեր ինքնապաշտպանական զենքը։
-Իմ ուղղամտությունը, անկեղծությունը. շիտակ եմ իմ ընթացքի մեջ, չեմ խուսանավում։
-Ձեր կյանքի ամենատպավորիչ, ցնցող դեպքը։
-Օ՜, ամենատպավորիչ և հաճելի դեպքը կատարվել է 1952 թ. սեպտեմբերի 1-ին։ Դա իմ ապագա կնոջ` Էմմա Ափինյանի հետ հանդիպումն էր, երբ մենք, միևնույն կուրսի ուսանողներ, հանդիպեցինք լսարանում, առաջին դասին։ Ցնցված էի, և այդ տպավորության տակ եմ առայսօր։ Ամուսնացել ենք 1957-ին և սիրով, համերաշխ դիմավորել մեր բոլոր, այդ թվում` ոսկե և ադամանդե հարսանիքները։
Որպես անջնջելի դեպք իմ հիշողությունից և ժուռնալիստական գործունեությունից պատմեմ երկուսը (երկուսն էլ դեկտեմբերի 31-ին կատարված, բայց տարբեր տարիների)։ 1980-ականներին էր, ստույգ թիվը չեմ հիշում։ Գիշերվա ժամը 10-ն է, ողջ խմբագրությունը տեղում է, թերթի ամանորյան համարն ենք թողարկում։ Հանկարծ լսում եմ, որ ընդունարանում ինչ-որ աղմուկ է։ Ներքին հեռախոսով քարտուղարուհուց ճշտում եմ. «Ի՞նչ է պատահել»։ Վերջինս ասում է. «Ինչ-որ կին է, ուզում է անպայման Ձեզ տեսնել»։ Ներս մտավ մի հուզված, այլայլված կին։ Պարզվեց` ուսուցչուհի է, ում Նոր տարվա նախօրյակին հեռացրել էին աշխատանքից։ Այդ պահին ես ոչնչով չէի կարող օգնել, բայց զանգեցի այդ ոլորտից իրավասու մեկին, ով խոստացավ տոներից հետո զբաղվել այդ խնդրով։ Եվ ահա, հունվարի 10-ին, թե 12-ին հեռագիր եմ ստանում հետևյալ բովանդակությամբ. «Եթե Դուք ինձ չընդունեիք, ես գնում էի Կիևյան կամուրջ»։ Անկարելի է նկարագրել իմ ապրումները. փաստորեն... մարդկային կյանք էի փրկել։ Հույս ունեմ «Իրատեսի» միջոցով գտնելու այդ կնոջը. թերևս կարդա այս տողերը և արձագանքի։ Ինձ համար հաճելի կլինի։
Երկրորդ տպավորիչ դեպքը տեղի է ունեցել իմ` հեռուստապետկոմի ղեկավար եղած ժամանակ։ 1988 թ. դեկտեմբերի 31-ի վերջին րոպեներն էին, երբ մենք տալիս էինք տարվա վերջին հաղորդումը, փակումը։ 1988 թիվ, ղարաբաղյան շարժման սկիզբ, երկրաշարժ, ավելի քան 20000 զոհ, ալեկոծված և ողբացող ժողովուրդ։ Մեր տեխնիկական աշխատողին հարցրի, թե ինչով ենք փակելու ծրագիրը։ Ցույց տվեց մի գրություն` «Շնորհավոր Նոր տարի»։ Ցնցվեցի. «Ի՞նչ շնորհավոր, գժվե՞լ եք»։ Այն ժամանակ ամեն ինչ ձեռքով էր գրվում, չկար ներկայիս տեխնիկան։ Անմիջապես կանչեցի մեր նկարչին և կարգադրեցի գրել հետևյալը. «Տարին գնաց, չարն էլ հետը։ Բարին ընդ ձեզ»,- և հնչեցնել հատված Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետից։ Տառացիորեն մի քանի րոպե հետո պետք էր տեսնել, թե ինչ կատարվեց մեր հեռախոսների հետ. զանգերի հեղեղ, դրվատանքի խոսքեր` ճիշտ գտնված, իրավիճակին համահունչ ավարտի և երաժշտության համար։ Լավ էր, ժամանակին կանխվեց այդ անհեթեթ գրության էկրանին հայտնվելը։
-Այն գիրքը կամ հերոսը, որի տպավորության տակ եք առայսօր։
-Գրքերը երկուսն են` Պուշկինի «Հատընտիրը» և Վիկտոր Հյուգոյի «Թշվառները», իսկ հերոսը` Ժան Վալժանն է` նույն «Թշվառներից»։ Այդ քառահատոր ստվարածավալ վեպը ես հաղթահարեցի 1952 թ. օգոստոսի 1- 18-ին։ Հիշում եմ, որովհետև այդ ժամանակ ես ընդունելության քննություններ հանձնեցի, ի դեպ, պատմություն առարկան` Հայկարամ ՈՒթմազյանին, Հրաչուհի Ջինանյանի ամուսնուն, ով հարցրեց. «Տղա ջան, ինչո՞ւ ես ուզում ժուռնալիստ դառնալ»։ Ասացի` հակում ունեմ։ Ժպտաց. «Դե, հակվիր, հակվիր», և... մինչև այսօր հակվում եմ։ Ի դեպ, ես գերադասում եմ ժուռնալիստ բառը, չէ՞ որ մենք միայն լուր գրողներ չենք, այն շատ ավելի բազմաճյուղ և համապարփակ ոլորտ է։
-Նախորդ դարի 50-90-ականները հարուստ էին մշակութային տիտաններով` բոլոր ոլորտներից։ Միայն հիշելը հաճելի գլխապտույտ է առաջացնում։ Դուք լիասիրտ շնչել, վայելել եք այդ մշակութալի օդը, ընկերություն, բարեկամություն եք արել շատ շատերի հետ, կարոտի պահեր ունենո՞ւմ եք, ի՞նչ կամ ո՞ւմ եք կարոտում հետահայացով` ներկայիս համեմատաբար «աղքատ» ժամանակներից։
-Այնքան էլ համաձայն չեմ. հիմա էլ ոչ քիչ թվով ունենք հայտնի և սիրված արվեստագետներ բոլոր բնագավառներում, թեպետ, իրավացի եք, թատրոնի և կինոյի շատ ու շատ երևելիներ հեռացան այս տարիներին։ Իսկ կարոտներիս մասին ինչ-որ չափով պատասխանեցի նախորդ հարցերից մեկում. Գոհարին և Տիգրանին, Սոսին և Կարպին, շատերին։
Ինձ շատ է մտահոգում մեր եթերում տիրող վիճակը. հուսամ` անցողիկ, հատկապես հեռուստաեթերում իշխում է հիմնականում ագրեսիվ, զավթողական, ցածրաճաշակ «արվեստը»։ Մեր մամուլը գրում է այս մասին, բայց խուսափում է անուններ տալուց։ Հեռուստատեսությունն ամենամեծ լսարանն ունի, նա պիտի լինի ճաշակ սնող, այնինչ սխալ կողմնորոշիչներով է ապրեցնում այսօրվա երիտասարդին, բարձր ճաշակի և բարձր արվեստի մասին սխալ ընկալում է ձևավորում նրա հոգեկերտվածքում։ Ամենաթարմ օրինակը բերեմ. հենց երեկ ¥հոկտ. 27-ին-Գ. Ա.¤, չեմ էլ հիշում որ ալիքով, բայց հիշում եմ հաղորդումը` «ՈՒշ երեկոյան», տառացիորեն անգրագետ, բայց չափազա՜նց ինքնահավան, ինքնավստահ հաղորդավարը դատարկ, ոչինչ չասող հարցազրույց էր վարում ԱՄՆ-ից եկած ռեստորանային մի երգչի հետ ¥կարծեմ` Արամ Ասատրյանի որդու¤, վերջում էլ Արամին համարեց... «մեր արվեստի դասականը»։ Այստեղ մեղքի իր հսկայական բաժինն ունի հեռուստաընկերությունը. գուցե հենց նրա ղեկավարի մակարդակն էլ բարձր չէ, դրա համար էլ այս պատկերն է ստեղծվում։ Ցավոք, որտեղ փող` այնտեղ ճաշակի կործանում։ Այնինչ, կրկնում եմ, հեռուստատեսությունը, ռադիոն, ժուռնալիստները կարծիք և ճաշակ դաստիարակողներ են. այն, ինչ տալիս են նրանք, երիտասարդները, ցավոք, հալած յուղի տեղ էլ ընդունում են։ Մի հիվանդություն էլ է հայտնվել եթերում. ապաշնորհ, կռնատ դերասաններին թվում է, թե ավելի տպավորիչ կլինի իրենց խոսքը, եթե շեշտեն ամեն բառը, ընդ որում` սխալ շեշտադրությամբ ¥առաջին վանկի ձայնավորի վրա են դնում շեշտը` վերջինի փոխարեն¤։ Բոլորս դարձել ենք լոռեցիներ։ Ռադիոյում էլ կան նմանները։ Զգուշացրել եմ, սակայն օգուտ չունի, հետևություն չեն անում, չեն էլ նկատում, նույնիսկ զարմանում են. «Մի՞թե ես այդպես եմ կարդում»։ Ինչի՞ համար է դա արվում, դժվարանում եմ ասել, բայց այս հիվանդությունն աստիճանաբար միս ու արյուն է դառնում։
Մի օր մտա երաժշտական խտասկավառակների խանութ և հարցրի, թե վաճառքում կա՞ Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»։ Վաճառողը նախ աչքերը կլորացրեց, հետո ճշտեց. «Գուցե Արամ Ասատրյա՞ն էիք ուզում ասել, Արամ Խաչատրյան ասացիք»։ Երևում է, խեղճը Արամ Խաչատրյանի մասին չէր էլ լսել, և ես վախենում եմ, որ Արամներին խառնողները շատանան։
-Շիրազն ասում էր. «Մարդու անսահման իմաստությունը/Վաղը կքանդե մարդկության տունը»։ Տեխնիկայի թռիչքներին զուգընթաց` մարդը հոգևոր, մշակութային անկման մեջ է, մտքի և սրտի միջև դատարկ տարածք է գոյացել, որտեղ ճոճվում է 21-րդ դարի մարդը։ Մտքի հետևից չի հասնում, սրտից էլ հեռացել է։ Ո՞րն է հանգրվանը։
-Շա՜տ դժվար հարց եք տալիս։ Ինչ-որ չափով դեռ իրականության տերն է մարդը։ Ո՞րն է հանգրվանը, դժվարանում եմ ասել, սակայն ես լավատես եմ. ի վերջո, մարդկային սիրտը, տրամաբանությունը, էությունը ընդվզելու են այս իրավիճակի դեմ, միայն թե ավերմունքներն անդառնալի կլինեն։ 1988-ին երկրաշարժ եղավ, այժմ մենք ականատեսն ենք հոգևոր երկրաշարժի, և ցանկությունս է, որ զոհերը պակաս լինեն, կորուստներ քիչ ունենանք։
-Հայտնի թերթերից մեկի խմբագիրը, ով նաև դասախոս է մանկավարժական համալսարանում, մի օր ռադիոյով նշեց իր գլխավոր դասն ուսանողներին` գրել գրագետ, սուր, հակիրճ։ Ոչ մի խոսք ազնիվ, անաչառ, պարկեշտ լինելու մասին։ Ո՞րն է երկարամյա դասախոս, ժուռնալիստ և նախկին խմբագիր Էմանվել Մանուկյանի կարևոր դասը, որ տալիս է իր ուսանողներին։
-Գրեք, ասեք այն, ինչի համար չեք կարմրելու ոչ ինքներդ ձեր առջև, ոչ ձեր զավակների առջև, ոչ էլ երկրի և հանրության առջև։ Սա Ձեր ասած ազնվության, անաչառության, պարկեշտության կանչն է։ Կարծում եմ, մինչև այսօր ընկալվել եմ իմ ուսանողների կողմից, իմ ոչ դասախոսական, այլ մարդկային քարոզներն իրենց դերը կատարել են, և պատահական չէ, որ նրանք մինչև այսօր իմ բարեկամ-բարեկամուհիներն են. Ամանորին ծննդյանս օրը զանգում են, այցելում տուն, փողոցում հանդիպելիս փաթաթվում, համբուրում են, ընդ որում` իրենց ամուսինների ներկայությամբ։ Կարծում եմ, խորշակը նրանց չի սպառնում։
-Համալսարանի բանասիրական ֆակուլտետի մի ուսանողուհու կարծիքով` Վերդիի եգիպտական ազգային թեմայով գրած օպերան «Անուշն» է, իսկ նույն ֆակուլտետի մի ուսանողի թվում էր, որ Սայաթ-Նովան... միջնադարյան պարսիկ բանաստեղծ է ¥Ֆիրդուսու հետ է շփոթել¤։ Սա հնչել է ՀՌ եթերում` «Խելք խելքի» ինտելեկտուալ ռադիոխաղի ընթացքում։ Այս տգիտության համար ո՞վ է մեղավոր, ծնո՞ղը, դպրո՞ցը, բո՞ւհը, թե՞ մշակութամերժ ժամանակը։
-Բոլորը միասին և առաջին կետում` այն երիտասարդները, որոնց իմացությունը և պատկերացումները դուրս չեն գալիս ցածրաճաշակ, ռեստորանային «արվեստի» շրջանակներից։ Այդպիսիք դժբախտ են այսօր, և վաղն էլ ավելի դժբախտ են լինելու, քանի որ չեն նկատում` ինչ հրաշքներ են անցնում իրենց տեսադաշտից, ինչ անհատնում գանձեր են անցնում իրենց կողքով։
-Ավելի քան երկու տասնամյակ է` մեր երկիրը, մուտքի և ելքի դռները կրնկի վրա բացած` դարձել է միջանցիկ քամու ասպարեզ. մտնում են կասկածելի «մշակութային» ազգակործան, դիմազրկման «արժեքներ» և դրամաշնորհ - «օգնություններ», ելնում է ազգի երիտասարդ, թարմ արյունը։ Ո՞րն է լուծումը, որ ոչ դիմազուրկ լինենք, ոչ էլ... արնաքամ։
-Միջանցիկ քամին, որքան ես գիտեմ, հղի է հիվանդություններով, և, ցավոք, միջանցիկ քամու թևով արտերկիր չվողների թիվը զգալիորեն շատացել է, բայց արնաքամ լինելու վտանգ, կարծում եմ, մեզ չի սպառնում։ Կրկնում եմ, ես լավատես եմ, թեև հասկանում եմ Ձեր հարցում հնչող տագնապը։ Այս մուտք ու ելքի տեղապտույտը, հուսամ, պիտի պակասի շնորհիվ մեր ժողովրդի բնազդի, սթափ մտածողության։ Դիմազուրկ լինելը, այո, սպառնալիք է այսօր, ապավինենք մեր ազգի ողջախոհությանը, թեպետ շատ բան ենք կորցրել, վերականգնելը գերջանքեր է պահանջում, և որպեսզի լրիվ չկորցնենք մեր ազգային մշակույթը, պետք է ամուր պահենք մեր նկարագիրը, լայնախոհ աշխարհայացք ունենանք, բարձր արվեստ ստեղծենք, երիտասարդությանն ուղղորդենք, մղենք դեպի այդ արժեքները։ Իսկ ովքե՞ր պիտի լինեն այդ մղումների օբյեկտները` միջին սերունդը, զանգվածային տեղեկատվության միջոցները, որոնց դերը մեծ է, որոնք կոչված են դաստիարակելու բարձր ճաշակի դիրքերից։ Նրանք պիտի երիտասարդի մեջ ձևավորեն քաղաքացիության գիտակցություն, հայրենիքի զգացողություն, սերմանեն հայի արժանապատվություն, որը ոչինչ չմերժելով` սրբորեն հետևում է մեր ներկա և անցյալ բոլոր արժեքներին, նրանց ժողովրդականացմանը, որին, մասնավորապես նպատակ ունի նպաստելու մեր «Ռադիոբեմի լույսերը» հաղորդաշարը։ Ինձ արձագանքողների շրջանակը, թվում է, առայժմ մեծ չէ, բայց իրականում` ո՞վ գիտե։ Գուցե հետագայում շատանան, գուցե շատ են, բայց չեն արձագանքում, առայժմ միակը «Իրատեսի» քննախոսականն էր։ («Մշակութային ազդականչեր Հանրային ռադիոյի եթերից», «Իրատես», թիվ 36, 2015 թ.)։
Հարցազրույցը վարեց
Գայանե ԱԹԱՆՅԱՆԸ